Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (ՏԶՀԿ) փորձագետները Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում քննարկում են ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչների հետ՝ «Հայաստանի Հանրապետությունում պետության պատվիրակած լիազորությունների իրականացման շրջանակային կարգավորման մշակում» առաջադրանքի շրջանակում։
Քննարկման առանցքում եղել են համայնքի ղեկավարին կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում պատվիրակված լիազորությունները, դրանց իրավական հիմքերը, իրականացման առանձնահատկությունները, ինչպես նաև համայնքների գործառույթների և պետական մարմինների պատասխանատվության սահմանազատման հարցերը։
Առաջադրանքն ուղղված է պետության և համայնքների միջև լիազորությունների ու պատասխանատվության հստակեցմանը, ֆինանսավորման ընթացակարգերի կատարելագործմանը և հաշվետվողականության ու վերահսկողության մեխանիզմների զարգացմանը։
Նախաձեռնությունն իրականացվում է Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից, «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։