Մուշեղ Թումասյան

Մուշեղ Թումասյանը Կենտրոնի հիմնադիր նախագահն է: 2001-2008 թվականներին զբաղեցրել է նաև Կենտրոնի Հետազոտությունների ղեկավարի պաշտոնը: Մինչ այդ աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում, ԱՄՆ ՄԶԳ ծրագրերում: Զուգահեռաբար իրականացրել է խորհրդատվական աշխատանքներ մի շարք հայտնի միջազգային կառույցների, ծրագրերի և ՀՀ կառավարության համար:

2008-2011 թվականներին, հրավիրվելով աշխատանքի ՀՀ կառավարություն, զբաղեցրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը: Այս ընթացքում նա պատասխանատու է եղել երկարաժամկետ տնտեսական քաղաքականության, արտաքին առևտրային քաղաքականության և միջազգային կառույցների հետ փոխհարաբերությունների համակարգման համար:

Ի լրումն, մշակել և համակարգել է այնպիսի խոշոր ծրագրերի նախապատրաստական և իրականացման աշխատանքներն, ինչպիսիք են` «Հյուսիս-Հարավ ներդրումային ծրագիրը», «Միջուկային բժշկության զարգացման ծրագիրը», «Երևանի ֆիզիկայի ինստիտուտի արդիականացման և ազգային լաբարատորիայի ստեղծման ծրագիրը», «Գյումրին տեխնոքաղաքի վերակառուցման և Գյումրու զարգացման հիմնադրամի ստեղծման ծրագիրը», «Որակի ենթակառույցների բարեփոխումների ծրագիրը» և այլն: Միաժամանակ, մշակել և առաջ է քաշել նոր արդյունաբերական քաղաքականության սկզբունքները: Ղեկավարել է ՀՀ-ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները` հանդիսանալով ՀՀ գլխավոր բանակցող:

Ներկայում, ի լրումն Կենտրոնի ծրագրերի իրականացման աջակցությանը, որպես միջազգային խորհրդատու տարածարջանի տարբեր երկրներում տրամադրում է խորհրդատվական ծառայություններ կառավարությունների և միջազգային զարգացման կառույցների համար:

2012-ից վերընտրվել է Կենտրոնի Խորհրդի Նախագահ: