Արտաքին մոնիթորինգի գործակալություն
Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր (YUDIP)
Պատվիրատու՝ Երևանի քաղաքապետարան | Դոնոր՝ Ասիական զարգացման բանկ (ԱԶԲ) (2025 թվականի դեկտեմբերից)
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսական աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիրը (YUDIP), որի նպատակն է Երևանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը՝ ներառական տնտեսական աճի և կայուն քաղաքային զարգացման խթանման համար։
Ծրագրի իրականացնող մարմինը Երևանի քաղաքապետարանն է՝ Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի միջոցով։ Ծրագրի հիմնական բաղադրիչներից է Իսակով–Արշակունյաց ճանապարհային կապի կառուցումը, որը սոցիալական ազդեցությունների առկայության պատճառով դասակարգվել է որպես Կատեգորիա B՝ հարկադիր վերաբնակեցման մասով։
Հողերի օտարման և վերաբնակեցման գործընթացները կարգավորվում են ԱԶԲ-ի կողմից 2024 թվականի ապրիլին հաստատված Հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակով (ՀՕՏՇ) և համապատասխան Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրով (ՀՕՏԾ)։ Այս փաստաթղթերը ապահովում են գործընթացների համապատասխանությունը ինչպես ՀՀ օրենսդրությանը, այնպես էլ ԱԶԲ Երաշխիքային Քաղաքականության Կարգին (2009) և նպատակ ունեն պաշտպանել ազդեցության ենթարկված անձանց իրավունքներն ու կենսապահովման պայմանները։
Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը ներգրավվել է որպես ծրագրի Արտաքին մոնիթորինգի գործակալություն։ ՏԶՀԿ-ն իրականացնում է ՀՕՏԾ-ի և անհրաժեշտության դեպքում Ուղղիչ գործողությունների ծրագրերի անկախ մոնիթորինգը՝ ներառյալ փոխհատուցման գործընթացների, կենսապահովման վերականգնման միջոցառումների և բողոքարկման մեխանիզմների վերահսկումը։
Առաջադրանքը ներառում է ինչպես կարճաժամկետ մոնիթորինգ՝ ՀՕՏԾ-ի իրականացման ընթացքում, այնպես էլ երկարաժամկետ գնահատում՝ հետիրականացման փուլում, որի նպատակն է ստուգել համապատասխանությունը սահմանված պահանջներին, գնահատել վերաբնակեցման արդյունքները և ներկայացնել բարելավման առաջարկություններ՝ անհրաժեշտության դեպքում։


