Կենտրոնի հոգին իր մարդիկ են, թեև Կենտրոնը ունի ինստիտուցիոնալ պատմություն և ձգտում է ինստիտուցիոնալ ապագայի: Մեր համախմբված և նվիրական թիմը` ընկերները, մեր հիմնական ուժն է:
Կենտրոնի կառավարման համակարգը բազմաճյուղ է, որը ներառում է կառավարման խորհուրդը (ընդհանուր ժողով), նախագահը, գործադիր գրասենյակը, հետազոտական թիմը և խորհրդատուների ցանցը: Ըստ անհրաժեշտության, կարող են ստեղծվել խորհրդատվական մարմիններ, խմբագրական խորհուրդներ և այլն։
Կառավարման խորհուրդը Կենտրոնի կառավարման բարձրագույն ֆորմալ մարմինն է, որը կազմված է տնտեսագետ գիտնականներից և փորձագետներից, ղեկավարվում է նախագահի կողմից:
Գործադիր կառավարումն իրականացնում է գործադիր գրասենյակը` ի դեմս գործադիր տնօրենի և իր աշխատակազմի: Ծրագրերի և հետազոտությունների կառավարումն իրականացնում է ծրագրային թիմը` ի դեմս ծրագրի ղեկավարի և, կամ հետազոտությունների ղեկավարի:
Կենտրոնը գործում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան, գրանցված իրավաբնական անձ է։
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Մուշեղ Թումասյան
Մուշեղ Թումասյանը Կենտրոնի հիմնադիր նախագահն է: 2001-2008 թվականներին զբաղեցրել է նաև Կենտրոնի գործադիր տնօրենի և հետազոտությունների ղեկավարի պաշտոնը: Մինչ այդ աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում, ԱՄՆ ՄԶԳ ծրագրերում: Զուգահեռաբար իրականացրել է խորհրդատվական աշխատանքներ մի շարք միջազգային կառույցների, ծրագրերի և ՀՀ կառավարության համար:
2008-2011 թվականներին, հրավիրվելով աշխատանքի ՀՀ կառավարություն, զբաղեցրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը: Այս ընթացքում նա պատասխանատու է եղել երկարաժամկետ տնտեսական քաղաքականության, արտաքին առևտրային քաղաքականության և միջազգային կառույցների հետ փոխհարաբերությունների համակարգման համար: Ի լրումն, մշակել և համակարգել է մի շարք խոշոր ենթակառուցվածքային զարգացման ծրագրեր և բերփոխումներ։ Մշակել և առաջ է քաշել նոր արդյունաբերական քաղաքականության սկզբունքները: Ղեկավարել է ՀՀ-ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները` հանդիսանալով ՀՀ գլխավոր բանակցող:
2012-ից որպես միջազգային խորհրդատու տարածարջանի տարբեր երկրներում իրականացնում է խորհրդատվական ծառայություններ ազգային կառավարությունների և միջազգային զարգացման կառույցների համար՝ հիմնականում տնտեսական քաղաքականությունների, մակրոտնտեսական կառավարման, հանրային ֆինանսների կառավարման, հանրային ծրագրերի և բարեփոխումների մոնիտորինգի և գնահատման բնագավառներում։
Ներկայում մասնակցում է Կենտրոնի առանձին ծրագրերի իրականացմանը՝ միաժամանակ ընդգրկված լինելով մասնավոր ներդրումային ծրագրերի առաջմղման աշխատանքներում։
2012-ից շարունակում է զբաղեցնել Կենտրոնի Խորհրդի Նախագահի պաշտոնը:
Աղասի Մկրտչյան
Աղասի Մկրտչյանը տնտեսագիտական գիտությունների թեկնածու է: Սկզբնական կրթությունը ստացել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում: 2008-2010 թվականներին ուսանել է Հարվարդի համալսարանի մագիստրատուրայում:
Մինչ այդ աշխատել է Համաշխարհային բանկում, Միավորված Ազգերի Կազմակերպությունում, ԱՄՆ ՄԶԳ ծրագրերում, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում, ՀՀ կենտրոնական բանկում: Ներկայում աշխատում է Համաշխարհային բանկի վաշինգտոնյան գրասենյակում:
2001-ից ի վեր Կենտրոնի հետ է` հանդիսանալով Կենտրոնի զարգացման և առաքելության իրականացման գաղափարների նվիրյալ:
Ելենա Մանուկյան
Ելենա Մանուկյանը տնտեսագիտական գիտությունների թեկնածուի աստիճանը ստացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:
1997-ից աշխատում է նույն համալսարանի Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնում, հանդիսանում է այդ ամբիոնի դոցենտ: 2002-ից ընդգրկված է եղել Կենտրոնի տարբեր ծրագրերում: 2011-ից Կենտրոնի Խորհրդի անդամ է:
Արմեն Գրիգորիան
Արմեն Գրիգորիանը գերազանցությամբ ավարտել է Սաքսիոն համալսարանը Միջազգային բիզնես և մենեջմենթ մասնագիտացմամբ, ստացել է Բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Տվենտեի համալսարանում: Հաճախել է Օքսֆորդի համալսարանի Վոլֆսոն քոլեջի վերապատրաստման դասընթացների:
Կենտրոնին միացել է 2009 թվականին, ընդգրկվելով մի շարք հետազոտական աշխատանքներում, ինչպես նաև ուղղակիորեն ներգրավվել է ծրագրերի մշակման ու ֆինանսավորման հայթայթման աշխատանքներում:
Սոցիալ-տնտեսական հետազոտություններին համատեղ մասնագիտանում է կազմակերպական ռազմավարության և ոչ առևտրային հատվածի զարգացման հարցերում: 2013-ին դարձել է ՏԶՀԿ Ընդհանուր Ժողովի անդամ՝ հանդես գալով նաև որպես Կենտրոնի Զարգացման գծով խորհրդատու:
Կարինե Հարությունյան
Կարինե Հարությունյանը տնտեսագիտական գիտությունների թեկնածու է և դասախոսում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնում: Գիտական թեզը պաշտպանել է 2006-ին Մարդկային զարգացման և տնտեսական աճի կապի մոդելավորման թեմայով:
1998-2004-ին աշխատել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Մակրոտնտեսական վարչությունում: 2007-2016 թվականներին խորհրդատվական ծառայություններ է մատուցել ՀՀ Ֆինանսների նախարարության Ուսուցման կենտրոնում:
Կենտրոնի աշխատանքներում տիկին Հարությունյանը ընդգրկված է եղել հիմնադրման օրվանից` իրականացնելով ինչպես փորձագիտական, այնպես էլ առանձին ծրագրերի կառավարման աշխատանքներ: 2004-ից հանդիսանում է Կենտրոնի Խորհրդի անդամ, իսկ 2012-ից իրականացնում է նաև Կենտրոնի գործադիր տնօրենի պարտականությունները:
Վարազդատ Կարապետյան
Վարազդատ Կարապետյանը սկզբնական կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում: Այնուհետ, շարունակելով կրթությունը Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում` ստացել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Մշտապես հանդիսացել է Կենտրոնի գործունեության ոգևորիչներից մեկը: Ունի Հայաստանի մարզերում և փոքր բիզնեսի հետ աշխատանքների մեծ փորձ: 2011-ին ՀՀ վարչապետի խորհրդականն էր, իսկ 2012-2014 թվականներին` ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենը: Հիմնադրել և ներկայում ղեկավարում է «Տարածքային զարգացման հիմնադրամը» և Գեղարքունիքի Առևտրաարդյունաբերական պալատը: Դասավանդում է Գեղարքունիքի պետական համալսարանում:
Բելա Գևորգյան
Բելա Գևորգյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը: 2001-ին ստացել է Բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Մաաստրիխտի Մենեջմենթի դպրոցում՝ Տնտեսական քաղաքականություն և կորպորատիվ ռազմավարություն մասնագիտացմամբ:
Մինչև 2000 թվականը աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում և ՀՀ ֆինանսների նախարարությունում:
2001-ից սկսած աշխատել է տարբեր միջազգային կառույցների՝ Համաշխարհային բանկի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), ՄԲ Միջազգային զարգացման գործակալության (DFID), Գերմանիայի Միջազգային համագործակցություն գործակալության (GIZ) կողմից ֆինանսավորվող և այլ ծրագրերում: 2003-ից սկսած մասնակցում է ՏԶՀԿ տարբեր ծրագրերին` որպես փորձագետ: 2013-ից հանդիսանում է ՏԶՀԿ Ընդհանուր Ժողովի անդամ:
Արթուր Նախշիկյան
Արթուր Նախշիկյանը տնտեսագիտական կրթություն է ստացել Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում: 1996-ից 2016 թվականների ընթացքում աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում, որտեղ իր աշխատանքային գործունեությունը սկսել է կրտսեր մասնագետից` հասնելով Ֆինանսական վարչության պետի պաշտոնի: 2016-ից աշխատում է “Սևծովյան առևտրի և զարգացման բանկում” որպես խորհրդատու:
2001-2006 թվականներին հանդիսացել է Կենտրոնի Խորհրդի անդամ: 2015 թվականից համալրել է Ընդհանուր Ժողովի անդամների կազմը:
Լիլիթ Հակոբյան
Լիլիթ Հակոբյանը տնտեսագիտական գիտությունների թեկնածու է: Գիտական աստիճանը ստացել է 2018 թվականին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ Տնտեսության մաթեմատիկական մոդելավորում մասնագիտությամբ։
Կենտրոնին միացել է 2013 թվականին՝ որպես փորձագետ ընդգրկվելով մի շարք հետազոտական աշխատանքներում։ 2022 թվականից հանդիսանում է ՏԶՀԿ Խորհրդի անդամ: