Կենտրոնի գոյության իմաստն այս գերխնդիրների լուծման համար բազմաթիվ ջանքեր պահանջող բարդ գործընթացներին թեկուզ փոքր մասնակցություն և ներդրում բերելն է:
Մենք հավատում ենք փոփոխություններին, հասարակության, մասնավոր հատվածի և հանրային կառավարման փոխակերպմանը (տրանսֆորմացիային), որին և, մեծ իմաստով, ուղղված է Կենտրոնի ծրագրային գործունեությունը:
Փոխակերպման և զարգացման գործընթացում կարևոր է յուրաքանչյուրի դերը, մասնագիտացումը և ազատությունը: Հետևաբար, Կենտրոնը կարևորում է անհատների, առանձին ինստիտուտների և ընդհանրապես քաղաքացիական հասարակության զարգացումը` դիտելով այն որպես իր առաքելության իրագործման հենարան և շարժիչ:
Կենտրոնը հավատում է ազգային գաղափարների իրագործմանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը` որպես ժամանակակից հասարակական կենսակերպ, աճի և շարունակականության հենք:
Կենտրոնը ոչ քաղաքական ինստիտուտ է և իր գործունեությունը և արդյունքները փորձում է զերծ պահել որևէ կոնկրետ քաղաքական ուժին ծառայեցնելուց: Փոխարենը, Կենտրոնը հավատում է քաղաքացիական հասարակության դերին և ազդեցությանը` որպես քաղաքական փոփոխությունների ուղղորդիչ:
Կենտրոնն ինքնության բացահայտման նախաձեռնություն է, որը փորձում է համախմբել նմանատիպ արժեքներ կրող, պրոֆեսիոնալ շարունակական զարգացմանը ձգտող, հայրենիքի, պետականության և հանրության նկատմամբ պատասխանատվության զգացում ունեցող ազատ մարդկանց:
Կենտրոնը նաև գաղափարներ, մեթոդներ, ռեսուրսներ և նախաձեռնություններ միավորելու և զարգացման ընթացք հաղորդելու համար ստեղծված կառույց է, ուր պրոբլեմները ուսումնասիրվում են հասկանալու համար, իսկ լուծումները քննվում` համապատասխանն ընտրելու համար:
Անցած երկու տասնամյակների ընթացքում բազմաթիվ երիտասարդներ են ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընդգրկվել Կենտրոնի աշխատանքներում և նախաձեռնություններում, դարձել գաղափարակիրը և շարժիչը, մշակված արժեհամակարգը, իմացությունը և գիտելիքը տեղափոխել գործունեության այլ ոլորտներ և կյանքի կոչել։ Հետադարձ հայացքը ոգևորում և պարտավորեցնում է՝ շարունակել սկսած առաքելությունը և ամրացնել տևականության հիմքերը։